Միջանցքի թեման «մի կողմ է դրվել», և «խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին», որը կանցնի Հայաստանի տարածքով՝ այդ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո, պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Նա շեշտել է, որ այնուամենայնիվ, ինչպես Արտգործնախարարության հայտարարության մեջ է ասված, ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, իսկ ամերիկյան ընկերության ներկայությունը մտահոգիչ է:
Արաղչին ասել է, որ այդ մասին մշտապես խոսել են և խոսելու են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ։
Նա ավելացրել է, որ Թեհրանի դիրքորոշումը տարածաշրջանում նույնպես հստակ է՝ պաշտպանում են բոլոր երկրների լիակատար ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, չեն ընդունում միջազգային սահմանների փոփոխություն։
Արաղչին հայտնել է, որ վաղը հեռախոսազրույց է ունենալու իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված է զրույց նաև վարչապետ Փաշինյանի հետ: Հաջորդ շաբաթ Իրան է այցելելու ՀՀ փոխարտգործնախարարը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս անդրադարձել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմային, ասելով, որ «սա այն միջանցքը չէ, ինչ լրատվամիջոցներում չափազանցված է»: Նա շեշտել է, որ Իրանի պահանջները բավարարված են, հաղորդում է Mehr գործակալությունը:
Նրա խոսքով՝ միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այս ճանապարհը պատրաստվում են կառուցել հայկական և ամերիկյան ընկերություններ։
Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Խորհրդարանական ընդդիմությունից, սակայն, պնդել էին, «այն ամենը, ինչ տեղի է ունենում հողի վրա, ավելի շատ միջանցքային տրամաբանության մեջ կարող է դիտվել, քան սովորական ճանապարհի»:
Խաղաղության գործարքի առանցքում «Թրամփի ճանապարհն է», որը «կերաշխավորի անխոչընդոտ կապ Ադրբեջանի համար՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը»։ Հայաստանը ԱՄՆ-ին է տալիս 43 կիլոմետրանոց տարանցիկ ճանապարհի զարգացման իրավունք:
Վաշինգտոնում տեղի ունեցածը իշխանական դաշտում ներկայացնում են որպես «հաղթանակ», իսկ ընդդիմադիրներն այն որակում՝ «դիվանակագիտական ապտակ»։