Փաշինյանը հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանն ու Ուիթքոֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:

Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ հանդիպումից հետո նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթի ստորագրում:

Այնուհետև Դոնալդ Թրամփն ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Վերջինիս հետ նույնպես Սպիտակ տանը փաստաթուղթ է ստորագրվելու:

Եռակողմ փաստաթղթի ստորագրումը կեսգիշերին է՝ Երևանի ժամանակով 00:15-ին:

Թրամփն ավելի վաղհայտարարել է՝ սա կլինի պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար:

«Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը», - նշել է նա:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախօրեին են ժամանել ԱՄՆ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տուն. Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ հարց է լուծում/չի լուծում Վաշինգտոնի հանդիպումը