Եվրոպական միության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինան և ԵՄ-ն պետք է ներառված լինեն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Ուկրաինայի պատերազմի ավարտի վերաբերյալ ցանկացած պայմանավորվածությունում:
Կալլասը հայտնել է, որ երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպում կհրավիրի՝ հետագա քայլերը քննարկելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ուրբաթ օրը Ալյասկայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կալլասը հավելել է, որ միջազգային իրավունքը հստակ է՝ բոլոր ժամանակավորապես օկուպացված տարածքները պատկանում են Ուկրաինային։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին կիրակի օրը շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին աջակցության համար:
Կրեմլի ղեկավարը անցյալ շաբաթ բացառել էր այս փուլում Զելենսկիի հետ հանդիպման հնարավորությունը՝ հայտարարելով, որ նման հանդիպման պայմանները «դեռևս ցավոք շատ հեռու» են։
Զելենսկին ասել է, որ առանց Ուկրաինայի կայացվող ցանկացած որոշում կլինի անիրագործելի։
Ավելի վաղ եվրոպական առաջնորդները հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ «Կիևն ունի ազատություն՝ իր սեփական ճակատագրի ընտրության հարցում»: Հայտարարության տակ ստորագրել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։