Լուսանկարներ Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ հանդիպման մեկնարկին՝
Սպիտակ տանը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
«Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև՝
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տան մոտից՝ գրելով՝ «հիմա»:
Լուսանկարում ԱՄՆ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի դրոշներն են:
Քիչ առաջ Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան խոսնակին, հաղորդեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կստորագրեն ԱՄՆ միջնորդությամբ կնքված նախնական խաղաղության համաձայնագիր:
Փաստաթղթի նպատակն է, ըստ գործակալության, ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին լրագրողներին հայտնել է, որ Թրամփը առանձին համաձայնագրեր կստորագրի Հայաստանի, հետո՝ Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի վերաբերյալ։
Ըստ Reuters-ի` համաձայնագիրը ԱՄՆ-ին կտա բացառիկ իրավունք Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ միջանցքի զարգացման նկատմամբ, որը կկոչվի «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։
«Առաջին հերթին պարզ չէ, թե ինչպես են այսօր ստորագրվելիք համաձայնագրերը լուծելու այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսին են ընդհանուր սահմանների սահմանազատումը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը», - Վաշինգտոնից հաղորդում է Reuters-ի թղթակիցը` հավելելով, որ ամերիկացի պաշտոնյաներն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ շրջանցել են Լեռնային Ղարաբաղի հարցը։
Սպիտակ տանը նախապատրաստական աշխատանքներ են՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ:
Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև՝
Սպիտակ տանը մեկնարկում է Հայաստանի վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը:
Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթի ստորագրում:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփն ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Վերջինիս հետ նույնպես Սպիտակ տանը փաստաթուղթ է ստորագրվելու:
Եռակողմ փաստաթղթի ստորագրումը կեսգիշերին է՝ Երևանի ժամանակով 00:15-ին:
Թրամփն ավելի վաղ հայտարարել է՝ սա կլինի պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար:
«Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը», - նշել է նա:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախօրեին են ժամանել ԱՄՆ: